ՀայաստանՔաղաքականություն

Արամ Զավենի Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությունը կմասնակցի 2026 թվականի ընտրություններին

Արամ Զավենի Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Որոշումը կայացվել է կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում, որը տեղի է ունեցել հունվարի 22-ին։

Կուսակցության տարածած տեղեկության համաձայն՝ նախընտրական շտաբի ղեկավար է նշանակվել կուսակցության անդամ, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանը։ Կուսակցությունում նշում են, որ առաջիկա շրջանում կշարունակեն կազմակերպչական և քաղաքական աշխատանքները՝ ընտրություններին լիարժեք մասնակցություն ապահովելու համար։

Հիշեցնենք, որ Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները, ըստ նախնական տվյալների, նախատեսվում է անցկացնել 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու մասին արդեն հայտարարել են մի շարք քաղաքական դերակատարներ։

Մասնավորապես, քաղաքական գործընթացին միանալու պատրաստակամություն են հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, ինչպես նաև «Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդ Սամվել Կարապետյանը գտնվում է կալանքի տակ հունիսի 18-ից։

Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ իր «Նոր ուժ» կուսակցությամբ։ Քաղաքական հայտ է ներկայացրել նաև ՀԱԿ-ը, որի վարչապետի թեկնածու է առաջադրվել Լևոն Զուրաբյանը։

Այսպիսով, 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտը աստիճանաբար ակտիվանում է, և արդեն իսկ ձևավորվում է ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերի շրջանակը։ Թե ով ում կսատարի, ում հետ դաշինք կկազմի, դեռևս պարզ չէ։ Սակայն այն, որ ընտրությունները թեժ մթնոլորտում կանցնեն, արդեն պարզ է։