ԿրոնՀայաստան

Եկեղեցին դատարան է դիմել

Հայաստանյաց Առաքելական եկեղեցին երկու հայց է ներկայացրել դատարան՝ կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանայի դեմ։

Եկեղեցին պահանջում է պարտավորեցնել նրան վերադարձնել Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում գտնվող Հովհաննավանքի եկեղեցու բանալիները։

Բացի այդ՝ պահանջվում է նաև արգելել Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված քահանային մուտք գործել Հովհաննավանքի եկեղեցու մի շարք հատվածներ, մասնավորապես՝ Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան։

Երկրորդ հայցով Եկեղեցին պարտավորեցնում է եկեղեցականին վերադարձնել Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Երևանում՝ Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտա 54/3 հասցեում գտնվող շենքի 18-րդ բնակարանը։ Նաև վտարել քահանայի հետ բնակվող անձանց։

Եկեղեցու պահանջներից է նաև բռնագանձել ներկայացված երկու հայցերի դատական ծախսերը կարգալույծ հռչակված քահանայից, նաև՝ նախապես վճարված պետական տուրքերի գումարըվ

Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 21-ին Գարեգին Բ-ի տնօրինությամբ Տեր Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է հռչակվել։ Ըստ Մայր Աթոռի՝ վերջինս հրապարակային ելույթներով և հայտարարություններով վարկաբեկել է Եկեղեցին, թեմակալ առաջնորդին և եկեղեցականներին։

Քահանան, այնուամենայնիվ, շարունակում է պատարագներ մատուցել Հովհաննավանքի եկեղեցում։

Մարինա Գրիգորյան