Արբիտրաժային տրիբունալը ՀԷՑ-ի գործով մերժել է Կարապետյանների միջնորդությունը
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը 2025 թվականի դեկտեմբերի 24-ին ամբողջությամբ մերժել է Liormand Holdings Limited-ի, Սամվել Կարապետյանի, Էթերի Կարապետյանի, Սարգիս Կարապետյանի և Կարեն Կարապետյանի կողմից ներկայացված միջնորդությունը։
Հայցվորները պահանջել էին հաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը չի կատարել 2025 թվականի հուլիսի 22-ին արտակարգ արբիտրի կողմից կայացված վճիռը, վերականգնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի լիցենզիան և ընկերության կառավարման մարմինների անդամների լիազորությունները, ինչպես նաև դադարեցնել ՀԷՑ-ում նշանակված ժամանակավոր կառավարչի լիազորությունները։
Բացի այդ՝ Արբիտրաժային տրիբունալից պահանջվել էր արգելել ՀԷՑ-ի բաժնետոմսերի կամ այլ ակտիվների հարկադիր վաճառքը, օտարումը կամ դրանց տնօրինումը որևէ այլ եղանակով։
Արբիտրաժային տրիբունալը մերժել է ներկայացված բոլոր պահանջները՝ եզրակացնելով, որ Հայցվորների կողմից պահանջված ապահովման միջոցները հիմնավորված չեն։
Տրիբունալը նաև որոշել է, որ միջնորդության քննության հետ կապված բոլոր ծախսերը ամբողջությամբ կրելու է Հայցվոր կողմը։
Կառավարությունը ողջունել է տրիբունալի որոշումը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 11-ին Սամվել Կարապետյանը և նրա ընտանիքը պաշտոնապես դիմել էին տրիբունալ՝ Հայաստանի Հանրապետության դեմ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականազրկման գործով պատասխանատվության ենթարկելու պահանջով։
