ԱրցախՍոցիալական

Արցախից 11 անձ տեղափոխվել է Հայաստան

‎Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի և Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։ Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարը տեղեկությունը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում՝ առանց հավելյալ մանրամասներ ներկայացնելու։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Սեպտեմբերի 20-ին Արցախի իշխանությունները ընդունեցին կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը, իսկ սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախահայության բռնի տեղահանումը։

ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից բռնի տեղահանվել է 115 365 մարդ։ Թե քանի հայ է մնացել Արցախում, պարզ չէ։ Տարբեր տվյալներով՝ նրանց թիվը հասնում է 20-ի։