«TikTok»-ում շրջանառվող սոցիալական նպաստի առաջարկը խաբեություն է
Ոստիկանությունը զգուշացնում է «TikTok» սոցիալական հարթակում տարածվող նոր խաբեության մասին։
Նպատակն այն է, որ օգտատերերը անցնեն կասկածելի հղումներով և ներկայացնեն իրենց անձնական ու բանկային տվյալները՝ իբր «սոցիալական հիմնադրամից» 300 հազար դրամ նպաստ ստանալու համար։
ՆԳՆ կիբեռոստիկանության հաղորդմամբ՝ այս եղանակով հանցագործները փորձում են ձեռք բերել քարտի համար, PIN, CVV և մեկանգամյա կոդեր, ինչը կարող է հանգեցնել քաղաքացիների դրամական միջոցների հափշտակմանը։
Այդ իսկ պատճառով հորդորվում է չանցնել կասկածելի հղումներով, չլրացնել «դիմումներում» պահանջվող որևէ անձնական կամ բանկային տվյալ։
Բացի այդ՝ Կիբեռոստիկանությունը հիշեցնում է, որ ՀՀ պետական և սոցիալական մարմինները սոցիալական ցանցերի միջոցով չեն հավաքագրում քաղաքացիների անձնական կամ բանկային տվյալներ և օգտագործում են միայն հայկական «.am» դոմենային անուններ, օրինակ՝ mlsa.am, socservice.am, mia.gov.am, moh.am, e-request.am։
