ՀՌՀ-ն տուգանել է Հ2-ին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հունվարի 23-ին անցկացրել է հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ լիցենզիաների վերաձևակերպումները և վարչական ակտերի ընդունումը։
Հանձնաժողովը հաստատել է «Ռադիո պրո», «Լայքնետ» և «Հիբրիդ Սոլյուշնս» ընկերությունների լիցենզիայի վերաձևակերպման հայտերը։
Միաժամանակ, ՀՌՀ-ն նկատեց, որ «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն խախտել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի պահանջները՝ «Հայելի ակումբ» հաղորդման որոշ հատվածներում կիրառելով հայհոյախոսություններ և գռեհկաբանություն։ Այս ամենի արդյունքում ընկերությունը տուգանվել է 1.200.000 դրամով՝ օրենքով նախատեսված առավելագույն տույժի եռապատիկ չափով։
«Լայքնետ» ՍՊԸ-ն, ըստ ՀՌՀ-ի, ներկայացրել է ծրագրեր՝ չունենալով համապատասխան իրավական հիմք, ուստի տուգանվել է 115.064 դրամով։
«Տոսպա» ռադիոընկերությունը տուգանվել է 300.000 դրամով՝ պահանջված ձայնագրությունները ամբողջությամբ չներկայացնելու համար։
