Միգրացիոն շրջադարձ Հայաստանում. ի՞նչ է փոխվել 2025 թվականին
2025 թվականին Հայաստանի Հանրապետությունում միգրացիոն հաշվեկշիռը առաջին անգամ դարձել է դրական․ տարվա ընթացքում երկիր է մուտք գործել 8 660 քաղաքացի ավելի, քան դուրս է եկել Հայաստանից։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՆԳՆ տարեկան հաշվետվության քննարկման արդյունքներին անդրադառնալով։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում քաղաքացիների մուտքի և ելքի վիճակագրությունը վարվում է 2010 թվականից, և սա առաջին դեպքն է, երբ մուտքերի թիվը գերազանցում է ելքերը։ Նա նշել է, որ նման ցուցանիշ նախկինում չի արձանագրվել և այն համարել է կարևոր շրջադարձային արդյունք։
Վարչապետը այս փոփոխության համար տեսնում է երկու հիմնական պատճառ՝ խաղաղությունն ու խաղաղ պայմաններում տնտեսական զարգացումը։ Նրա խոսքով՝ 2025 թվականը խաղաղության առաջին տարին էր, և ակնկալվում է, որ առաջիկա տարիներին նման դրական վիճակագրությունը շարունակական կլինի։
Միգրացիոն այս ցուցանիշը հատկապես առանձնանում է նախորդ տարիների համատեքստում։ Amnews-ի տվյալներով՝ 2014-2018 թվականներին Հայաստանի Հանրապետությունում միգրացիոն հաշվեկշիռը կայուն բացասական էր․ 2014 թվականին այն կազմել է շուրջ −21,8 հազար, 2016-ին՝ −24,8 հազար, իսկ 2018-ին՝ մոտ −18,3 հազար մարդ։
2020 թվականից սկսած միգրացիոն պատկերը սկսել է աստիճանաբար փոխվել։ Այդ տարի արձանագրվել է շուրջ 3,4 հազար դրական միգրացիոն աճ, 2022 թվականին՝ մոտ 6,1 հազար, իսկ 2023 թվականին զուտ միգրացիան կտրուկ բարձրացել է՝ կազմելով շուրջ 41,4 հազար մարդ։
Ամենաբարձր դրական ցուցանիշը գրանցվել է 2024 թվականին․ զուտ միգրացիան կազմել է մոտ 76,9 հազար մարդ։ Այդ տարի Հայաստան է ժամանել շուրջ 119,5 հազար մարդ, իսկ երկրից մեկնել է մոտ 42,6 հազարը։
Այսինքն՝ 2022-ից միգրացիան դրական միտումներ ունի։ Սակայն այս թվերին անդրադառնալով հարկ է նշել նաև, որ հենց 2022 թվականին սկսվել և մինչ օրս շարունակվում է ռուս-ուկրաինական պատերազմը։ Հայաստանում նման դրական ցուցանիշների պատճառը նաև կարող է այդ պատերազմը լինել։
