ՀայաստանՍպորտ

Հայաստան-Ուկրաինա սպորտային սկանդալը շարունակվում է․ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նամակ է ուղարկել ՈՒԵՖԱ-ին

Ֆուտզալի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի Հայաստան–Ուկրաինա հանդիպումից հետո առաջացած սկանդալը շարունակում է լայն քննարկումների առիթ դառնալ։

Հունվարի 22-ին Լիտվայի Կաունաս քաղաքում կայացած հանդիպումից առաջ ուկրաինացի ֆուտբոլիստները հրաժարվել են ձեռքսեղմումով ողջունել Հայաստանի հավաքականի այն անդամներին, որոնք հանդես են գալիս նաև Ռուսաստանի Դաշնության առաջնությունում։ Խաղի ընթացքում ուկրաինացի երկրպագուները աչքի են ընկել սադրիչ վարքագծով՝ հնչեցնելով վիրավորական վանկարկումներ և կատարելով անպատշաճ ժեստեր։

Հանդիպումն ավարտվել է Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի հաղթանակով՝ 2։1 հաշվով։ Հարկ է նշել, որ Ուկրաինայի հավաքականը 2024 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրն է։

Խաղից հետո Հայաստանի հավաքականի խաղացող Դենիս Նևեդրովը գրառում է կատարել իր ինստագրամյան էջում, ինչից հետո ուկրաինական կողմը բողոք է ներկայացրել ՈւԵՖԱ։ Բողոքում նշվում է, որ ռուսական «Տյումեն» ակումբում հանդես եկող ֆուտզալիստը հաղթանակից հետո վիրավորական արտահայտություններ է արել Ուկրաինայի և ուկրաինացիների հասցեին, ինչպես նաև սոցիալական ցանցում տեղադրել է վիրավորական էմոջիներ։

Ի պատասխան այդ հրապարակումների՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ևս նամակ է հղել ՈւԵՖԱ-ին՝ ներկայացնելով իր դիտարկումները։ Ֆեդերացիայի հաղորդմամբ՝ ուկրաինական կողմի բողոքը անհիմն է, իսկ ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը։ ՀՖՖ-ից հայտնել են, որ առաջիկայում կհրապարակվեն լրացուցիչ մանրամասներ։

Եվրո-2026-ի ընտրական փուլի B խմբում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 25-ին՝ Երևանի ժամանակով ժամը 16։00-ին։ Հավաքականի հաջորդ մրցակիցը Չեխիայի ընտրանին է։ Խմբային փուլի երրորդ տուրում՝ հունվարի 28-ին, Հայաստանի կմրցի Լիտվայի հավաքականի հետ։