ԱշխարհՊատահար

«Ֆերն» պատմական ձնաբուքը կաթվածահար է արել ԱՄՆ ավիացիան և տասնյակ նահանգներ

ԱՄՆ-ում մոլեգնող հզոր ձմեռային «Ֆերն» փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել երկրի գրեթե բոլոր ոլորտներում։

Երկրում չեղարկվել է ավելի քան 13 հազար ավիաչվերթ, որը վերջին տարիների ավիացիոն խոշոր ճգնաժամերից մեկն է։

Սաստիկ ձյան, սառցակալման, սառցե անձրևների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել առնվազն 18 նահանգներում՝ այդ թվում Տեխասում, Նյու Յորքում, Հյուսիսային Կարոլինայում, Օկլահոմայում և Լուիզիանայում՝ շուրջ 200 միլիոն բնակչության համար։ Փոթորկի հետևանքով ավելի քան 130 հազար բնակարան մնացել է առանց էլեկտրամատակարարման։

ԱՄՆ Եղանակի կանխատեսման կենտրոնի տվյալներով՝ Նյու Յորքում կանխատեսվում է մինչև 20-40 սանտիմետր ձյուն, ինչը կարող է դառնալ ռեկորդային՝ 1996 թվականից ի վեր։ Մայրաքաղաք Վաշինգտոնում նույնպես սպասվում են մինչև կես մետր տեղումներ և խիստ ցրտահարություն։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ Նյու Յորքում գրանցվել է սառնամանիքից մահվան առնվազն երեք դեպք, իսկ Թենեսիում ճանապարհատրանսպորտային պատահար՝ մահացու ելքով։

Մարինա Գրիգորյան