Այսօրվանից սկսվում է Առաջավորաց պահքը
Այսօրվանից Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում սկսվում է Առաջավորաց պահքը կամ Առաջավորքը, որը եկեղեցու առաջին և յուրահատուկ պահքն է, քանի որ հատուկ է միայն Հայ եկեղեցուն։
Այն 11 շաբաթապահքերից մեկն է և տևում է հինգ օր՝ երկուշաբթիից մինչև ուրբաթ՝ Մեծ պահքից երեք շաբաթ առաջ։
Առաջավորաց պահքը հաստատվել է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից՝ հայ ժողովրդին մկրտության նախապատրաստելու համար։
Հիմնական նպատակը ոչ միայն սննդից զսպվելն է, այլև մեղքից և վատ սովորույթներից հրաժարվելը, հոգևորապես պատրաստվել Աստծո առաջ ապաշխարելուն։ Պահքի հինգ օրերի խորհրդանշական նշանակությունը կապված է ինչպես Ս. Գրիգոր Լուսավորիչի և հայ ժողովրդի ապաշխարության հետ, այնպես էլ մարդու հինգ զգայարանների՝ տեսողության, լսողության, հոտառության, ճաշակի և շոշափելիքի միջոցով գործած մեղքերի համար զղջալու գաղափարի հետ։
Առաջավորաց պահքին հաջորդում է Սուրբ Սարգսի տոնը, և այդ պատճառով այն հաճախ անվանում են նաև Սուրբ Սարգսի պահք։
