ՀայաստանՍոցիալական

Լրագրողների նկատմամբ ճնշումներն աճել են

2025 թվականին Հայաստանի լրատվական դաշտում լրագրողների և ԶԼՄ-ների հանդեպ ճնշումները զգալիորեն աճել են։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տվյալներով՝ տարվա ընթացքում գրանցվել է 224 իրավախախտում, ինչը գերազանցում է 2024 թվականի 208 ցուցանիշը։ Մասնավորապես՝ ֆիզիկական բռնության 15 դեպք, 108 այլ ճնշում և 101 դեպք, երբ խախտվել է տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքը։

Աճը հատկապես նկատվել է հասարակական-քաղաքական իրավիճակի սրացման ժամանակ՝ իշխանություն-եկեղեցի և իշխանություն-ընդդիմություն հակամարտությունների լուսաբանման ընթացքում։

Նման լարված միջավայրում դժվարացել է մասնագիտական սկզբունքներին համապատասխան լրատվություն պատրաստելը, ինչը բացասաբար է ազդել հասարակության մեջ ԶԼՄ-ների նկատմամբ վստահության վրա։

Բացի այդ՝ Կտրուկ աճել է ընդդեմ լրագրողների դատական գործերի թիվը։ 2025-ին ներկայացվել է 63 նոր հայց, որոնցից 31-ը՝ պետական մարմինների կամ պաշտոնյաների կողմից։ Դատական պահանջներն ուղեկցվել են վիրավորանքի, զրպարտության և հեղինակային իրավունքների պաշտպանության հիմքով։

Մարինա Գրիգորյան