ԿրոնՀայաստան

Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կարգալույծ է հռչակվել

Այսօր Գարեգին Բ-ն, ընդառաջ Գերագույն հոգևոր խորհրդի նիստի որոշմանը, հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։

Կարգալուծության հիմքում, մասնավորապես, նշվում է այն հանգամանքը, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը վիճարկել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատման և Մայր Աթոռ վերադառնալու վերաբերյալ տնօրինությունը՝ խոչընդոտելով թեմի բնականոն գործունեությունը։

Բացի այդ՝ նրա ներկայացրած դատական հայցը, ըստ Մայր Աթոռի, առիթ և պայման է ստեղծել պետական իշխանության պատկան կառույցների կողմից ներեկեղեցական կյանքի գործընթացներին միջամտելու համար։

Նշվում է նաև, որ Գևորգ եպս․ Սարոյանը կանոնական շեղումներով և կարգազանց գործողություններով խախտել է հոգևորականի հնազանդության ուխտը։

Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ հռչակվելուց հետո նա այլևս չի համարվելու հոգևորական և կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան անունով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գարեգին Երկրորդի տնօրինությամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից։ Նա հայց էր ներկայացրել դատարան ընդդեմ Եկեղեցու՝ պահանջելով անվավեր ճանաչել թեմի առաջնորդի պաշտոնից ազատ արձակելը, վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի իր պաշտոնը:

Մարինա Գրիգորյան