2025 թվականի ձմեռային զորակոչի ժամկետը երկարաձգվել է մինչև փետրվարի 13-ը
Հայաստանում 2025 թվականի ձմեռային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի փետրվարի 13-ը ներառյալ։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հունվարի 29-ի նիստում։
Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ժամկետի երկարաձգումը պայմանավորված է զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացը լիարժեք ավարտելու և դրա արդյունքներով նրանց զորակոչային կարգավիճակը հստակեցնելու անհրաժեշտությամբ։
Պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ այս փոփոխությունը թույլ կտա խուսափել անհարկի տարկետումների տրամադրումից, ինչպես նաև բացառել բժշկական փորձաքննությունների տեղափոխումը 2026 թվականի ամառային զորակոչի ժամանակահատված։
Հիշեցնենք, որ ՀՀ արական սեռի քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը հայտարարված էր 2025 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ը ներառյալ։ Զինված ուժերի համալրումը նախատեսված էր 2026 թվականի հունվարի 7-ից հունվարի 31-ը։
