Փետրվարի 2-ից մի շարք վճարային համակարգերով հնարավոր չի լինի վճարել Ucom-ի ծառայությունների համար
Փետրվարի 2-ից «Իդրամ», «Իզի Փեյ» և «Թել-Սել» վճարահաշվարկային կազմակերպությունները դադարեցնում են Ucom ընկերության բաժանորդների վճարումների ընդունումը։ Այդ մասին տեղեկացնում է բջջային օպերատորը։ Այս փոփոխությունից հետո բաժանորդները ստիպված կլինեն օգտվել այլ վճարման եղանակներից՝ մասնավորապես բանկերի հավելվածներից ու մասնաճյուղերից, ինչպես նաև «ՀայՓոստ»-ի բաժանմունքներից և օպերատորների սեփական վճարային հարթակներից։
Ընկերության փոխանցմամբ՝ վճարումներ չեն իրականացվի նշված կազմակերպությունների վճարային համակարգերով, վճարային տերմինալներով, օնլայն դրամապանակներով և մասնաճյուղերում։ Որոշման պատճառը գործընկերների հետ ծառայությունների մատուցման պայմանների շուրջ առաջացած անհամաձայնությունն է։
Ավելի վաղ նույն վճարահաշվարկային կազմակերպությունների հետ համագործակցության դադարեցման մասին հայտարարել էին նաև «Viva Armenia» և «Team Telecom» բջջային օպերատորները՝ նշելով, որ կողմերին չի հաջողվել համաձայնության գալ փոխշահավետ պայմանների շուրջ։
Ucom-ը տեղեկացնում է, որ ընկերության ծառայությունների դիմաց վճարումները հնարավոր է կատարել այլ ուղիներով, այդ թվում՝ My Ucom և U!Pay հավելվածների, ucom.am կայքի, Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնների, գործընկեր բանկերի հավելվածների, մասնաճյուղերի ու տերմինալների, ինչպես նաև «ՄոբիԴրամ», «Միփեյ» և «ՀայՓոստ» համակարգերի միջոցով։
