ՀայաստանՍոցիալական

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրվող աջակցության ժամկետը երկարաձգվեց

Կառավարությունը հունվարի 29-ի նիստում ընդունեց որոշում, որի համաձայն անհայտ կորած 21 զինծառայողի ընտանիքներին տրամադրվող 300.000 դրամի սոցիալական աջակցությունը երկարաձգվում է ևս 3 ամիս՝ մինչև 2026 թվականի մարտ ամիսը ներառյալ։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայիս աջակցությունը նախատեսված էր մինչև 2025 թվականի դեկտեմբեր, սակայն դատական կարգով անհայտ բացակայող չճանաչված զինծառայողների ընտանիքների համար վճարումը դադարեցվելու էր 2026 թվականի հունվարի 1-ից։ Նման իրավիճակը պայմանավորված էր այն հանգամանքով, որ հունվարի 15-ի դրությամբ դատական ակտ չունեցող անհայտ կորած զինծառայողների թիվը կազմում էր 21։

Ըստ նախագծի՝ աջակցությունը կվճարվի մինչև 2026 թվականի մարտը ներառյալ, որի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականի պետական բյուջեով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումների հաշվին։

Աջակցության համար նախատեսված գումարը երեք ամիսների համար կկազմի 18.900.000 դրամ։

Մարինա Գրիգորյան