«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը իրավական գործընթացների մեջ է
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը խիստ նկատողություն է ստացել, որին հաջորդել են իրավական գործընթացներ, հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով, այս հարցը մի քանի անգամ քննարկվել է ՔՊ վարչության նիստերի ընթացքում։
ՔՊ–ն իր անդամների ոչ կանոնավոր կամ կոռուպցիոն բնույթի գործողությունները չի հանդուրժում։ Մի քանի ամիս առաջ պարոն Սարգսյանին հայտարարվել է խիստ նկատողություն, և դրան հաջորդել են իրավական գործընթացներ,– ասաց վարչապետը։
Նշենք, որ ավելի վաղ ՔՊ վարչությունը երկու որոշում է կայացրել. առաջինի դեպքում Հայկ Սարգսյանին չեն ընդգրկել նախընտրական ցուցակում, իսկ երկրորդի դեպքում մերժվել է նրա բողոքարկումը, և նա կրկին չի ներառվել ցուցակում։
Հայկ Սարգսյանը ավելի վաղ հայտնել էր, որ իրեն չգրանցելու պատճառը կուսակցության ներսում որոշ գործընկերների հետ առաջացած լարվածությունն է, որը, ըստ նրա, սկսվել է օնլայն կազինոների և խաղատների հարկերը բարձրացնելու մասին իր հեղինակած օրենսդրական նախաձեռնությունից հետո։ Թե կոնկրետ ում հետ է առկա այդ լարվածությունը, պատգամավորը չի մանրամասնել։ Սակայն մեր տվյալներով՝ նրա հարաբերությունները լարված են Ալեն Սիմոնյանի հետ։ Վերջինս նույնիսկ ապրիլին կարգապահական վարույթ էր ներկայացրել Հայկ Սարգսյանի դեմ, և վերջինիս խիստ նկատողություն էր հայտարարվել։ Նա հակասություններ ուներ նաև Անդրանիկ Քոչարյանի հետ։
