ԻրավականՀայաստան

Աննա Պողոսյանի գործով բացահայտվել են խարդախության մի քանի դրվագներ

Ըստ Դատախազության՝ դեռևս 2021 թվականի հուլիսի 21-ին քաղաքացի Ջ.Խ.-ն հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին այն մասին, որ Աննա Աշոտի Պողոսյանը խաբեությամբ տիրացել է սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանին։

Դեռևս 2014-ին Աննա Պողոսյանի մայրը, նախնական համաձայնությամբ, Ջ.Խ.-ին ներկայացրել է դստեր ֆինանսական խնդիրները և առաջարկել է 25.000 ԱՄՆ դոլարի դիմաց գրավադրել Երևան քաղաքի Գյուլբեկյան փողոցում գտնվող բնակարանը՝ խոստանալով պարտքը մարել Կոմիտաս պողոտայում գտնվող բնակարանի վաճառքից ստացված միջոցներով։

Այնուհետև նրանք կնքել են փոխառության պայմանագիր՝ գույքի գրավադրմամբ։ Արդյունքում Աննա Պողոսյանը ստացել է 25.000 ԱՄՆ դոլար, սակայն չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները՝ Ջ.Խ.-ից հափշտակելով 10.175.000 դրամ։

Դատախազը 2026 թվականի հունվարի 12-ին Աննա Պողոսյանի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում, սակայն 2026 թվականի հունվարի 23-ին քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու պատճառով։

Նախորդ տարվա նոյեմբերին իրավապահ մարմինները ստացել են մեկ այլ քաղաքացու՝ Ս.Կ.-ի դիմումը, որի համաձայն՝ նա շուրջ հինգ տարի առաջ Աննա Պողոսյանին օգնելու նպատակով առձեռն փոխանցել է 20.000 ԱՄՆ դոլար՝ բանավոր պայմանավորվածությամբ, սակայն գումարը մինչ օրս չի վերադարձվել։

Սույն հաղորդման հիման վրա նախաձեռնվել է նոր քրեական վարույթ՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության հատկանիշներով։

Դատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած այլ քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններին։

Մարինա Գրիգորյան