ԻրավականՀայաստան

Սիգի որսի արգելքը կհանվի փետրվարի 1-ից

Սիգի որսի արգելքը գործում է մինչև փետրվարի 1-ը։ Մինչ այդ վերահսկողություն է իրականացվում ոչ միայն Սևանա լճի ջրային տարածքներում, այլև ավտոճանապարհներին։

Վերջին օրերին իրականացված միջոցառումների արդյունքում արձանագրվել են մի շարք բացահայտումներ, այդ թվում՝ ապօրինի որսի քողարկված տեղափոխման դեպքեր։

Հունվարի 22-ին, ժամը 10։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին կանգնեցրել են Նորատուս գյուղի բնակչի վարած «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան։ Մեքենայի շարժիչի ծածկոցի տակ հայտնաբերվել է 74 հատ սիգ՝ մոտ 40 կիլոգրամ ընդհանուր քաշով։ Վարորդն ու ավտոմեքենան տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։

Ապօրինի որսած սիգի տեղափոխման ևս մեկ դեպք բացահայտվել է հունվարի 28-ի գիշերը։ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին կանգնեցվել է «ԳԱԶ» մակնիշի քարշակ, որը տեղափոխում էր «Օպել» մակնիշի ավտոմեքենա։ Վերջինիս սրահում հայտնաբերվել է 230 կիլոգրամ սիգ։ Ծովագյուղի բնակիչ 42-ամյա ուղևորը հայտնել է, թե ձկները ձեռք է բերել Մեծ Մասրիկի մոտակայքում։

Նույն գիշերը ջրային պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին նկատել են կայանված «Հյունդայի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ։ Պարեկներին նկատելով՝ մեքենաները հեռացել են՝ տեղում թողնելով սիգով լցված արկղեր։ Հայտնաբերված ձկների ընդհանուր քաշը կազմել է 120 կիլոգրամ։

Ապօրինի որսած սիգ է հայտնաբերվել նաև այլ քաղաքներում։ Հունվարի 25-ի գիշերը Հրազդան քաղաքում՝ Հին շուկայի տարածքում, Կոտայքի մարզի պարեկները կանգնեցրել են «Օպել» մակնիշի ավտոմեքենա։ Նորատուս գյուղի 31-ամյա բնակիչը ներկայացրել է 462 հատ սիգ՝ ընդհանուր 182 կիլոգրամ քաշով՝ հայտնելով, որ դրանք գնել է Չկալովկա գյուղի մոտակայքում՝ անծանոթ անձից։

Հունվարի 29-ին ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում սիգ է վաճառվում։ Ծառայողները հայտնաբերել են ձկներով երեք արկղ. առգրավվել է 135 հատ սիգ՝ 48 կիլոգրամ ընդհանուր քաշով։

Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 791 հատ սիգ՝ շուրջ 520 կիլոգրամ քաշով։

Մարինա Գրիգորյան