Ձյուն, մառախուղ և բուք․ ի՞նչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին
Հանրապետության մի շարք տարածաշրջաններում շարունակվում են ձմեռային եղանակային պայմանները։ Հունվարի 31-ի ժամը 10:05-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են երթևեկության համար։
Թույլ ձյուն է տեղում Մասիսի, Արտաշատի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Սևանի, Գավառի և Ապարանի տարածաշրջաններում։
Վարդենյաց լեռնանցքում դիտվում է խիտ մառախուղ, ինչի հետևանքով տեսանելիությունը նվազել է մինչև 30–50 մետր։ Բքի և սահմանափակ տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Աշտարակի տարածաշրջանում ևս մառախուղ է, տեսանելիությունը՝ մոտ 80–100 մետր։
Միաժամանակ առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ։ Հունվարի 31-ին և փետրվարի 1-4-ին առանձին շրջաններում կանխատեսվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային հատվածներում՝ ձնախառն անձրևի, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում հնարավոր են նաև բուք և հորիզոնական տեսանելիության զգալի նվազում։
Բացի այդ, հունվարի 30-ի ցերեկը, ինչպես նաև հունվարի 31-ին և փետրվարի 1–3-ին որոշ շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 17–20 մ/վ արագությամբ։ Հունվարի 31-ի գիշերը և առավոտյան մառախուղ է կանխատեսվում Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Արարատյան դաշտում։
