ԿրոնՀայաստան

Մայր Աթոռը դատապարտում է Գերագույն հոգևոր խորհրդի անդամների նկատմամբ քրեական հետապնդումը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամների նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթին և հարուցված քրեական հետապնդմանը։

Հայտարարության մեջ նշվում է, որ իշխանությունների կողմից, ըստ Մայր Աթոռի, ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով հերթական միջամտություն է իրականացվում Եկեղեցու ներքին գործերին, ինչի արդյունքում քրեական վարույթ է նախաձեռնվել և քրեական հետապնդում է հարուցվել Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամների նկատմամբ՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։

Մայր Աթոռի հաղորդմամբ՝ հունվարի 31-ին Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամներին ծանուցագրեր են հղվել և պահանջվել է որպես մեղադրյալ ներկայանալ ՀՀ քննչական կոմիտե։ Հայտարարության համաձայն՝ քրեական հետապնդման շրջանակում սահմանափակվել է խորհրդի եպիսկոպոս անդամների ելքը Հայաստանի Հանրապետությունից, ինչը, ըստ Մայր Աթոռի, մարդու հիմնարար իրավունքների խախտում է և կարող է խաթարել Հայ Առաքելական Եկեղեցու բնականոն գործունեությունը, մասնավորապես՝ առաջիկայում Ավստրիայում գումարվելիք եպիսկոպոսաց ժողովի աշխատանքները։

Մայր Աթոռը կոչ է անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին և իրավապահ համակարգին գործել բացառապես ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներում և հարգել Եկեղեցու ինքնավարության իրավունքը։

Միաժամանակ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 7 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով։ ՔԿ-ի փոխանցմամբ՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։