Հայաստանի 5 մարզիկ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին
Հայաստանը 5 մարզիկով կմասնակցի փետրվարի 6–22-ը Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում անցկացվող Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին։ Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Հայաստանը կներկայացնեն դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, ինչպես նաև գեղասահքի սպորտային զույգ Կարինա Ակոպովա–Նիկիտա Ռախմանին։
Խաղերի բացման պաշտոնական արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրները կլինեն Կարինա Ակոպովա–Նիկիտա Ռախմանին զույգը։ Նրանք Հայաստանի անկախության շրջանում նվաճել են գեղասահքի զույգերի առաջին օլիմպիական ուղեգիրը։
Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցապայքարի մեջ կմտնեն գեղասահորդները․ կարճ ծրագրի որակավորման փուլում նրանց մրցելույթը նախատեսված է փետրվարի 6-ին, իսկ ազատ ծրագրի որակավորման փուլը՝ փետրվարի 8-ին։
Դահուկավազորդ Կատյա Գալստյանը փետրվարի 7-ին կմասնակցի 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ), իսկ փետրվարի 12-ին՝ 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևերին։ Միքայել Միքայելյանը փետրվարի 8-ին հանդես կգա 20 կմ սկիաթլոնում (դասական/ազատ ոճ), իսկ փետրվարի 13-ին՝ 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևում։
Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը փետրվարի 14-ին կմասնակցի հսկա ոլորավայրէջք, իսկ փետրվարի 16-ին՝ ոլորավայրէջք մրցաձևերին։
Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերի շրջանակում կխաղարկվի մեդալների 116 հավաքածու՝ 16 մարզաձևերում։
Էլեն Բեջանյան
