ԻրավականՀայաստան

«Մուլտի-Լեոն»-ը Երևանի համայնքային հողերն ապօրինի կերպով է օգտագործել

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 2000-2003 թվականներին ընդունված մի շարք որոշումներով «Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությանը վարձակալության իրավունքով տրամադրվել են տարբեր հասցեներում գտնվող հողատարածքներ՝ ընդհանուր մի քանի հազար քմ մակերեսով։

Խոսքը Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքին, Լենինականի և Ջանիբեկյան փողոցների հատման հատվածի, Թամանցիների փողոց և Արտաշատի խճուղու խաչմերուկին հարող հատվածի, ինչպես նաև Շիրակի փողոցին հարող տարածքի մասին է։

Նշված ինքնակամ կառույցները համարվել են Երևան քաղաքի սեփականություն, այնուհետև լուծվել են դրանց հետ կապված հողի վարձակալության պայմանագրերը։

Սակայն դատախազությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ համայնքի սեփականություն դառնալուց հետո նշված հողատարածքներն ու շինությունները փաստացի չեն վերադարձվել Երևան համայնքին։ «Մուլտի-Լեոն» ՍՊ ընկերությունը շարունակել է օգտագործել դրանք առանց որևէ իրավական հիմքի։

Ավելին, ընկերությունը փաստացի օգտագործել է իրեն հատկացվածից զգալիորեն ավելի մեծ մակերեսով հողատարածքներ։ Մասնավորապես՝ Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում 4000 քմ-ի փոխարեն օգտագործվել է շուրջ 1.08 հա հողամաս, Շիրակի փողոցին հարող տարածքում՝ 800 քմ-ի փոխարեն՝ 0.47 հա, իսկ Լենինականի և Ջանիբեկյան փողոցների հատման հատվածում՝ 2996.5 քմ-ի փոխարեն՝ քան 4400 քմ մակերեսով հողատարածք։

Այս տարածքներում իրականացվել է նաև սեղմված բնական գազի վաճառքի գործունեություն՝ առանց համապատասխան թույլտվության, ընդ որում վճարվել են նախկինում լուծված պայմանագրերով սահմանված՝ փոքր մակերեսների վարձավճարներ։

2025 թվականի դեկտեմբերի 20-ին նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ Գլխավոր դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ «Մուլտի-Լեոն» ՍՊ ընկերության (ներկայում՝ «Բարձրունք Գրուպ» ՍՊԸ) կողմից Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող հողամասերի և շինությունների ինքնակամ օգտագործումը դադարեցնելու, ինչպես նաև առանց թույլտվության սեղմված բնական գազի վաճառքի համար պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ։

Մարինա Գրիգորյան