ԺամանցՀայաստան

«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը հունիսի 1-ից կդառնա վճարովի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ 2026 թվականի հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի։

Հնավայրն ավելի բարեկարգ և այցելուների համար հասանելի դարձնելու աշխատանքները սկսվել են նախորդ տարի։ Կատարվել են մաքրման և բարեկարգման աշխատանքներ, ստեղծվել և հարդարվել են զբոսաշրջային արահետներ։ Հին և Նոր Խնձորեսկին միացնող դժվարանցանելի հատվածներում կառուցվել են քարե և փայտե աստիճաններ, իսկ արահետները նշանավորվել և հարդարվել են տեղեկատու ցուցանակներով։

Անցյալ տարի սկսվել են նաև հողային աշխատանքներ տեղեկատվական մոդուլային կենտրոնի տեղադրման համար։ Այն այցելուներին հնարավորություն կտա օգտվել զբոսավարի ծառայությունից, կապահովի նրանց անվտանգությունը և այլն։

Բարեկարգման ու հարդարման աշխատանքների ավարտից հետո՝ հունիսի 1-ից, արգելոցի մուտքը կդառնա վճարովի։ Տոմսերի վաճառքից ստացված գումարը կուղղվի հնավայրի պահպանությանը և զարգացմանը։