ԱշխարհԿրթությունՀայաստան

Ժաննա Անդրեասյանը Իսրայելում մասնակցում է «Կրթություն 2026» նախարարական համաժողովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով գտնվում է Իսրայելում, որտեղ մասնակցում է «Կրթություն 2026» նախարարական համաժողովին։ Համաժողովի առանցքում անհատականացված կրթության քաղաքականությունների ձևավորումն է՝ արհեստական բանականության կիրառման համատեքստում։

Այցի ընթացքում նախարարը հանդիպում է ունեցել Իսրայելի կրթության նախարար Յոավ Կիշի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանը և ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արման Անդրիկյանը։

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումներին, այդ թվում՝ ավագ դպրոցներում արհեստական բանականության ուսուցման ներդրմանը։ Կողմերը մտքեր են փոխանակել ուսումնական ծրագրերի մշակման, ուսուցիչների վերապատրաստման, STEM կրթության, թվային գրագիտության զարգացման և նորարարական դասավանդման մեթոդների շուրջ համագործակցության մասին։

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև գիտահետազոտական համագործակցության ընդլայնմանը, ակադեմիական փոխանակման ծրագրերի իրականացմանը, միջբուհական կապերի զարգացմանը և բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների հարցերին։