Վազգեն Հարությունյանը չի ընդունում իր հասցեին մեղադրանքները
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի լիազորությունները կասեցվել են։ Հեռացման պատճառը կապված է 2023 թվականին անցկացված ճանապարհային նշանների մրցույթի հետ, որտեղ հաղթող է ճանաչվել «Իմպեքս» ՍՊԸ-ն։
Վազգեն Հարությունյանը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքը՝ նշելով, որ այն անհիմն է։ Նրա խոսքով՝ մրցույթն ավարտվել է, սակայն «Իմպեքս» ՍՊԸ-ն չի ներկայացրել պայմանագրով պահանջվող բանկային երաշխիքը, ինչի հետևանքով պայմանագիրը օրենքի համաձայն լուծարվել է։
Որպեսզի գործընթացը չձախողվի, Վազգեն Հարությունյանը նախաձեռնել է նոր մրցույթ, սակայն մեկ շաբաթ անց քաղաքապետարանին հասել է դատական ակտ, որն արգելում է գնման նոր գործընթաց սկսել։ Վարչության պետն ընդգծել է, որ մինչև այդ ակտը ստանալը հնարավոր չէր իմանալ դրա գոյության մասին, ուստի որևէ խախտում չի եղել։
Նա նաև նշել է, որ վկայի կարգավիճակով հարցաքննվելիս իրեն ներկայացվել են տեղեկություններ «Իմպեքս» ՍՊԸ-ի առերևույթ կեղծ տվյալների մասին, որոնց վերաբերյալ մինչ այժմ անհասկանալիորեն որևէ ընթացք չկա։
Այսօր Վազգեն Հարությունյանի պաշտոնեական լիազորությունները կասեցվել են, մինչև իրավական ընթացքը պարզաբանումներ ստանա։
