ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը մասնակցել է հազվագյուտ հանածոների թեմայով համաժողովին
Փետրվարի 4-ին ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ պետքարտուղարությունում մասնակցել է հազվագյուտ օգտակար հանածոների թեմայով նախարարական համաժողովին, որը կազմակերպվել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի նախաձեռնությամբ։
Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես են եկել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ինչպես նաև ԱՄՆ նախագահի հատուկ օգնական և Ազգային անվտանգության խորհրդում գլոբալ մատակարարման շղթաների հարցերով ավագ տնօրեն Դեյվիդ Քոփլին։
Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 50 երկրների ներկայացուցիչներ։ Համաժողովի մասնակիցներին միավորել է հազվագյուտ և կարևոր օգտակար հանածոների մատակարարման շղթաների ապահովման, դիվերսիֆիկացման և կայունացման ուղղությամբ համագործակցելու համատեղ հանձնառությունը։
Քննարկումների ընթացքում ընդգծվել է միջազգային համագործակցության կարևորությունը՝ համաշխարհային մատակարարման շղթաների կայունությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով։

