Մոսկվայում հանդիպել են Ալեն Սիմոնյանը և Սերգեյ Լավրովը․ հայտնի է՝ ինչ են քննարկել
Մոսկվայում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների հարաբերությունները, ՀԱՊԿ–ի և ԵԱՏՄ–ԵՄ համագործակցության հարցերը։
Լավրովը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես գործընկեր և դաշնակից, հետաքրքրված է տնտեսական ու ենթակառուցվածքային համագործակցության զարգացմամբ և լիովին հարգելու է Հայաստանի ընտրությունը։ Նա ընդգծել է, որ Հայաստանը կարող է զարգացնել իր արտաքին կապերը նաև այլ ուղղություններով, իսկ ԵՄ-ն հաճախ Հայաստանին ընտրության առաջ է կանգնեցնում
Մեզ համար մի փոքր տարօրինակ է լսել պարբերաբար հնչող հայտարարություններ Հայաստանի դեմ հյուսիսից նախապատրաստվող ինչ-որ միֆական հարձակումների, ՀԱՊԿ-ի կողմից գոյություն ունեցող սպառնալիքի մասին,- ասել է Լավրովը։
Ալեն Սիմոնյանը վստահեցրել է, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ կապերով և որևէ քայլ չի ձեռնարկի Ռուսաստանի դեմ։ ԱԺ նախագահը անդրադարձել է նաև Խաղաղության պայմանագրին՝ կարևորելով տարածաշրջանային խաղաղությունը։
ԱԺ նախագահը ընդգծել է, որ Հայաստանի դիրքորոշումը ԵԱՏՄ-ում անդամակցության վերաբերյալ կայուն է, և երկրի նպատակն է համագործակցել վերջինիս հետ՝ առանց հակասության ստեղծելու։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, մենք չենք կարծում, որ պետք է այնտեղից դուրս գանք։ Կարծում ենք` կարող ենք միասին գտնել լուծում, որը ձեռնտու կլինի կողմերին, — ասել է Սիմոնյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև առևտրաշրջանառության աճը։ Լավրովը հիշեցրել է, որ ԵԱՏՄ անդամակցության տարիներին Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը 10,5 մլրդ դոլարից հասել է 26 մլրդ դոլարի՝ աճելով շուրջ 2,5 անգամ։

