Սկանդալային տեսանյութում հայտնված ոստիկանը ձերբակալվել է

Օրեր առաջ համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութի մեջ պատկերված ոստիկանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ քաղաքացու նկատմամբ առերևույթ բռնություն կիրառելու մեղադրանքով։ Նրան ձերբակալելու մասին որոշում է ընդունվել։ Այս մասին Amnews-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Գերատեսչությունից հայտնում են, որ հաղորդման հիման վրա գործը քննվում է հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ լիազորությունների չարաշահման կամ անցման գործերով զբաղվող ստորաբաժանումում։

Նախաքննության ընթացքում հավաքված տվյալների հիման վրա ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով։ Այդ դրույթը վերաբերում է պաշտոնատար անձի կողմից կամ նրա հրահանգով անձին դիտավորությամբ ուժեղ ֆիզիկական ցավ կամ հոգեկան ծանր տառապանք պատճառելուն՝ տեղեկություն կամ խոստովանություն կորզելու նպատակով։ Մեղավոր ճանաչվելու դեպքում ոստիկանին սպառնում է 4-ից 8 տարի ազատազրկում։

Տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է ոստիկանը հայհոյում ու ուժգին ապտակում մի տղամարդու, հրապարակել էր լրագրող Սյուզի Բադոյանը: Նրա տեղեկություններով՝ Հայկ Հակոբյան անուն-ազգանունով ոստիկանը բռնություն է կիրառում ենթադրյալ կասկածյալի հոր նկատմամբ, որ որդին բաժին ներկայանա: Դեպքն, ըստ լրագրողի, տեղի է ունեցել չորս ամիս առաջ:

Նախաքննությունը շարունակվում է: