Միքայել Աջապահյանի պաշտպանները ՄԻԵԴ են դիմել

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ են ներկայացրել՝ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտման փաստերով։ Այս մասին իմանում ենք Աջապահյանի պաշտպանների թիմի տարածած հաղորդագրությունից։

Գանգատում նշված են սրբազանի անօրինական կալանավորումը (Հոդված 5), արտահայտվելու ազատության խախտումը (Հոդված 10), ինչպես նաև ազատությունից զրկումը և քրեական հետապնդումը քաղաքական նպատակներով իրականացնելու փաստերը (Հոդված 18)։

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կհրապարակի Միքայել սրբազանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ որոշումը։

Հիշեցնենք, որ Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ իշխանությունը զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչերի հոդվածով։ Սրբազանը կալանավորվել է հունիսի 28–ին։

Հոկտեմբերի 3–ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը նրան մեղավոր ճանաչեց և դատապարտեց 2 տարվա ազատազրկման։

Պաշտպանները նոյեմբերի 13-ին վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ խնդրելով դատավճիռը ամբողջությամբ բեկանել և ճանաչել սրբազանի անմեղությունը։ Դեկտեմբերի 15–ին նախատեսված նիստը հետաձգվել էր։ Հունվարի 13-ին ծրագրված դատական քննարկումը ևս հետաձգվել էր՝ Միքայել սրբազանի առողջական վիճակի պատճառով։