Տարբեր հանցագործություններով հետախուզվող անձինք հայտնաբերվել են
Փետրվարի 4–5-ին տարբեր հասցեներում և «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել ու ձերբակալվել են տարբեր հանցագործություններով հետախուզվող անձինք։
Մասնավորապես, փետրվարի 5-ին Շինարարների փողոցում հայտնաբերվել և ձերբակալվել է 29-ամյա երիտասարդ, որը փետրվարի 2-ից հետախուզվում էր տրանսպորտային միջոց վարելու իրավունքի խախտումների մեղադրանքով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք։
Նույն օրը Մոսկվա–Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 27-ամյա երիտասարդ, որը 2025 թվականի օգոստոսի 4-ից հետախուզվում էր ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի մեղադրանքով։ Նրա նկատմամբ ևս կիրառվել է կալանք։
Փետրվարի 5-ին «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձերբակալել են օտարերկրյա 37-ամյա քաղաքացու, որը 2025 թվականի նոյեմբերի 6-ից Իրանի Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով։ Հայտնաբերման մասին տեղեկացվել են ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն և դատախազությունը։
Շիրակի փողոցում հայտնաբերվել և ձերբակալվել է ևս մեկ՝ 40-ամյա տղամարդ որը հետախուզվում էր թրաֆիքինգի մեղադրանքով։ Վերջինս տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

