Երիտասարդական նոր կենտրոններ են բացվել Նոյեմբերյանում, Հրազդանում և Աղավնաձորում
Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում և Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրում պաշտոնապես բացվել են երիտասարդական նոր կենտրոններ։
Երիտասարդական այս կենտրոնները, որոնք ստեղծված են 13-35 տարեկան երիտասարդների համար, հիմնվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
Կենտրոնների բացման միջոցառումներին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանը, մարզային և համայնքային իշխանությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Առաջին կանգառը եղել է Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքը, որտեղ բացվել է «Լոֆթ Նոյեմբերյան» երիտասարդական կենտրոնը։ Ելույթներով հանդես են եկել նախարար Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։
Նոյեմբերյանի երիտասարդական կենտրոնի բացմանը ներկա են եղել նաև ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը և այլ պաշտոնատար անձինք։
Այնուհետև պաշտոնյաները մասնակցել են նաև Հրազդանի և Աղավնաձորի երիտասարդական կենտրոնների բացման միջոցառումներին։ Նրանք շրջել են կենտրոններում, ծանոթացել ստեղծված պայմաններին։
Հրազդանի և Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնների բացմանը մասնակցել են Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը, Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը և Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը։
Կենտրոնների բացման շրջանակում կնքվել են նաև եռակողմ հուշագրեր՝ ԿԳՄՍ նախարարություն-ՏԻՄ-քաղաքացիական հասարակության կազմակերպություն ձևաչափով։ Նոյեմբերյանում հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը և «Լոֆթ» կրթության, մշակույթի և երիտասարդության զարգացման համահայկական ՀԿ-ի տնօրեն Արևիկ Համբարձումյանը։ Հրազդանում հուշագիրը կնքվել է նախարարի, համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի և «Հայի բռունցք» երիտասարդության, մշակութային ՀԿ-ի նախագահ Գարիկ Աղասյանի միջև, իսկ Աղավնաձորում՝ ԿԳՄՍ նախարարի, համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի նախագահ Գրիգոր Երիցյանի մասնակցությամբ։
Նշենք, որ երիտասարդական կենտրոններ արդեն գործում են նաև Սյունիքի մարզի Մեղրի և Կապան քաղաքներում, Վերիշեն բնակավայրում, Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում, Ծովագյուղ բնակավայրում, Արարատի մարզի Արարատ քաղաքում և Շիրակի մարզի Ախուրյան բնակավայրում։

