Կարագացվի թմրամոլ և հոգեկան խանգարում ունեցող անձանց վարորդական իրավունքից զրկելու գործընթացը

Հայաստանում նախատեսվում է արագացնել թմրամիջոցներից կախվածություն կամ հոգեկան խանգարումներ ունեցող անձանց վարորդական իրավունքից զրկելու ընթացակարգը։ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ներկայացրել է ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը։

Ըստ նախագծի՝ եթե Նարկոլոգիական հանրապետական կենտրոնը վարորդի անունով տրամադրի դրական եզրակացություն, ապա վարորդական իրավունքն ավտոմատ կդադարեցվի, և ՆԳՆ–ն կարիք չի ունենա հարցումով դիմել կենտրոն կամ առողջապահության նախարարություն։ Նույն կարգը կգործի վարորդի մոտ հոգեկան հիվանդությունների հայտնաբերման դեպքում։

ՆԳՆ տվյալներով՝ 2021–2025 թվականներին թմրամիջոցներից կախվածություն կամ հոգեկան խանգարումներ ունեցող 2 370 անձ զրկվել է վարորդական իրավունքից։

Փոխնախարարի խոսքով՝ փոփոխությունը հնարավոր է դարձել պետական էլեկտրոնային տվյալների շտեմարանների՝ բժշկական և ներքին գործերի համակարգերի փոխգործակցության ընդլայնման արդյունքում։

Քննարկման ընթացքում ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կոչ է արել նաև խստացնել պատասխանատվությունը ղեկին հեռախոս օգտագործելու և երեխաներին առանց հատուկ նստատեղերի տեղափոխելու դեպքերի համար՝ նշելով, որ անցած տարի նման խախտումների հետևանքով ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժել է 10 երեխա։