Նոր սահմանափակումներ՝ օտարերկրյա հեռուստահաղորդումների համար

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը խորհրդարանի քննարկմանը ներկայացրել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որի նպատակն է նոր կարգավորումներ սահմանել հեռուստատեսային ոլորտում՝ սանկցիաներ կիրառելով այն օտարերկրյա հաղորդումների նկատմամբ, որոնք միջամտում են Հայաստանի ներքաղաքական կյանքին։

Նախարարի խոսքով՝ գործող օրենքը, ընդունված 2020 թվականի հուլիսին, հիմնականում կարգավորում է հանրային մուլտիպլեքսի տիրույթը՝ այն 26 հեռուստաալիքները, որոնք ամբողջ հանրապետությունում ունեն անվճար սփռում։ Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է, որ հանրային մուլտիպլեքսի համար գործող նույն կարգավորումները տարածվեն նաև ցանցային օպերատորների՝ կաբելային հեռուստաընկերությունների վրա։

Նախագծում հատուկ կարգավորում է նախատեսված նաև օտարերկրյա ալիքների համար, որոնք գործում են Հայաստանից դուրս, սակայն այստեղ հասանելի են ցանցային օպերատորների միջոցով։ Եթե այդ ալիքներում հայտնաբերվի Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակություն, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կարող է սանկցիա կիրառել ցանցային օպերատորի նկատմամբ։ Չկատարելու դեպքում պատասխանատվության ենթակա կլինի հենց ցանցային օպերատորը։

Մարինա Գրիգորյան