6 անձ ձերբակալված է. նրանց նկատմամբ կալանքի միջնորդություն կներկայացվի

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է, որ «Հաղթանակ» դաշինքի 7 անդամ և նրանց աջակից անձանց նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում՝ ընտրական իրավունքին խոչընդոտելու մեղադրանքով։ Նրանցից 6-ը ձերբակալվել են և կներկայացվեն դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ։

Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ 2025 թվականի նոյեմբերի 16-ին Վաղարշապատում կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքում դաշինքի ավագանու ցուցակում ընդգրկված անձինք և նրանց աջակիցները մի շարք քաղաքացիների ուղղորդել են քվեարկել դաշինքի օգտին, ինչն էլ խոչընդոտել է վերջիններիս անձնական ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։ Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։

Նշվում է, որ ձերբակալվածների տներում և կից շինություններում կատարվել են խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր։

Ավելի վաղ Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը սոցիալական ցանցերում հայտնել էր, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց նկատմամբ բռնաճնշումներ են իրականացվում և ձերբակալությունների թիվը հասնում է տասնյակների։