Փաշինյանը հայտնել է, թե որն է Ադրբեջանից Թուրքիա ամենակարճ երթուղին․ այն անցնում է Հայաստանով

Ադրբեջանից դեպի Թուրքիա երկաթուղային և ավտոմոբիլային ամենակարճ երթուղին Իջևան-Դիլիջան-Վանաձոր-Ջաջուռ-Գյումրի-Ախուրիկ ճանապարհն է։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին։

Պատգամավորը հետաքրքրվել է, թե «Թրամփի ուղի» նախագծի քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվե՞լ է Իջևանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հատվածի վերականգնման թեմային։ Վարչապետը հաստատել է, որ այդ հարցը քննարկվում է։

Փաշինյանի խոսքով՝ հայկական կողմի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նշված ուղղությունն է ամենակարճը Ադրբեջանից դեպի Թուրքիա։ Նա նշել է, որ Ֆիոլետովոյի հատվածում կա կարճ միջանցք, և եթե Իջևան-Հրազդան երկաթուղային ճյուղը միացվի Վանաձոր-Գյումրի ճյուղին, կձևավորվի ամենակարճ երկաթուղային ճանապարհը։

Վարչապետը միաժամանակ հիշեցրել է, որ Հաղարծին գյուղի հատվածում ավելի քան 30 տարի առկա սողանքների պատճառով երկաթուղու աշխատանքը դադարեցված է եղել։ Նրա գնահատմամբ՝ խնդիրը լուծելի է, եթե ապահովվի բավարար բեռնահոսք և նախագծի շահութաբերություն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վաշինգտոնում ստորագրված համատեղ հայտարարությամբ նախատեսվում է Հայաստանի հարավով ռազմավարական տարանցիկ ճանապարհի ստեղծում, որը պետք է ապահովի Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ։ Փաշինյանը հետագայում պարզաբանել էր, որ խոսքը հողերի վարձակալության մասին չէ, այլ կառուցապատման իրավունքի տրամադրման։