Հայաստանում կստեղծվի արագ արձագանքման բժշկական թիմ

ՀՀ կառավարությունը նոր որոշում է ընդունել՝ ստեղծելու արագ արձագանքման բժշկական թիմ (ԱԱԲԹ)։ Թիմը նախատեսված է ինչպես Հայաստանի տարածքում արտակարգ իրավիճակների հետևանքով տուժած քաղաքացիներին բժշկական օգնություն ցուցաբերելու, այնպես էլ միջազգային մարդասիրական առաքելություններում ներգրավվելու համար։

Ըստ որոշման՝ խումբը պետք է լինի ինքնաբավ՝ հագեցած անձնակազմով, սարքավորումներով, սննդով և այլ անհրաժեշտ միջոցներով, որպեսզի ցանկացած վայրում կարողանա անմիջապես ցուցաբերել բժշկական օգնություն և սպասարկում։

ԱԱԲԹ-ի գործունեության համար անհրաժեշտ միջոցները կտրամադրվեն ՀՀ պետական բյուջեից՝ առողջապահության նախարարության հաշվեկշռով, իսկ միջազգային առաքելությունների դեպքում ծախսերը կավելանան։

Առողջապահության նախարարության հետ այս նախաձեռնության համակատարողը կլինի ներքին գործերի նախարարությունը։

Արագ արձագանքման խմբի ստեղծման համար համապատասխան իրավական հիմքեր ապահովելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը Ազգային ժողովին ներկայացրել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագիծը։