Ոստիկանությունը բացահայտել է ապօրինի վառելիքի վաճառքի երկու դեպք Վաղարշապատի տարածաշրջանում
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացել, որ Էջմիածին քաղաքի 46-ամյա բնակիչը զբաղվում է բենզինի ապօրինի վաճառքով։
Համայնքային ոստիկաններն այցելել են 46-ամյա տղամարդու տուն, որտեղ ակնհայտ տեսանելի հատվածում 1000 լիտրից ավելի բենզինային վառելիք և վաճառքի համար նախատեսված սարքավորումներ կային:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 46-ամյա էջմիածինցու տանը հայտնաբերվել են տարբեր տարողությամբ տարաների մեջ լցված ընդհանուր 1246 լիտր բենզինային վառելիք: Տանտերը հայտնել է, որ այն ձեռք է բերել շահույթ ստանալու նպատակով վաճառելու համար:
Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն Վաղարշապատի համայնքային ոստիկանները ստացել էին նաև փետրվարի 9-ին, ըստ որի՝ Շահումյան գյուղի 55-ամյա բնակիչը զբաղվում է դիզվառելիքի, բենզինի և տրանսպորտային միջոցների շարժիչի յուղի վաճառքով:
Շահումյան մեկնած համայնքային ոստիկանները 55-ամյա տղամարդու բնակության հասցեի ակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերել են 300 լիտր բենզինային վառելիք, 1700 լիտր դիզվառելիք, պլաստմասե տարաներով շարժիչի յուղ՝ ընդհանուր 100 լիտր, հակասառեցման համակարգի համար նախատեսված հեղուկ և համապատասխան սարքավորումներ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 55-ամյա տղամարդու բնակության հասցեում հայտնաբերվել են 1840 լիտր դիզելային վառելիք, 130 լիտր բենզին, 42 լիտր ավտոմեքենայի շարժիչի հովացման հեղուկ, 35 լիտր ավտոմեքենայի դիմապակու հեղուկ, 990 լիտր ավտոմեքենայի շարժիչի յուղ:
Երկու դեպքով էլ կատարվում է նախաքննություն:

