Մայր աթոռին այլևս հող չի տրվի սեփականության իրավունքով

Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ «Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին այլևս անհատույց սեփականության իրավունքով հող չի տրվի։

Նախագծին կողմ քվեարկեց 58 պատգամավոր, 24–ը դեմ էր, և 3-ը ձեռնպահ մնացին։

Հողային օրենսգրքի նախկին 64-րդ հոդվածի 1.2-րդ մասի համաձայն՝ պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը նախկինում կարող էին անհատույց սեփականության իրավունքով տրամադրվել Հայաստանյաց առաքելական եկեղեցուն (ՀԱԵ)՝ եկեղեցիների ու եկեղեցապատկան կառույցների շինարարության և սպասարկման նպատակով։

Նոր փոփոխությամբ հողերը ՀԱԵ–ին կտրամադրվեն միայն օգտագործման իրավունքով։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ նպատակն է հողերի կառավարման առավել ճկուն և վերահսկելի համակարգ ապահովել՝ առանց որևէ կազմակերպության գործունեությունը սահմանափակելու։