Ամենայն հայոց կաթողիկոսի բացակայությամբ Ավստրիայում կանցկացվի եպիսկոպոսների հավաք
Ավստրիայում նախատեսված Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա, սակայն կունենա այլ կարգավիճակ։ Այս մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ եպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում, սակայն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացակայությամբ ժողովը կկրի «եպիսկոպոսաց հավաքի» ձևաչափ, որտեղ կքննարկվեն եկեղեցուն հուզող և ընթացիկ իրավիճակին առնչվող հարցեր։ Նա ընդգծել է, որ որևէ մեկը չի կարող արգելել եպիսկոպոսների հավաքը։
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե հոգևորականները փորձում են Էջմիածնի գանձերը դուրս հանել երկրից, արքեպիսկոպոսը նշել է, որ նման պնդումը նշանակում է, թե Հայաստանը ի վիճակի չէ հսկել իր սահմանները։
Նա նաև ընդգծել է, որ Մայր Աթոռը 1441 թվականից գտնվում է Հայաստանում և, իր խոսքով, շարունակելու է մնալ Հայաստանում, իսկ կաթողիկոսը և հոգևորականները երկիրը չեն լքի։
Հարկ է նշել, որ փետրվարի 16–19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում նախատեսված է եպիսկոպոսների ժողով։
Հունվարի 29-ին ՔԿ–ն հայտնեց, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով» (դատական ակտը չկատարելը)։ Մի խումբ հոգևորականների նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը։
Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել նույն մեղադրանքով ու արգելել է նրա ելքը Հայաստանից:

