Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ուղերձ է հղել Մեծ պահքի կապակցությամբ․ ի՞նչ է ասել նա
Փետրվարի 16-իցսկսվում է Մեծ պահքը, որը տևում է 48 օր՝ մինչև Սուրբ Հարության տոնի նախօրեն։ Պահքի 40 օրերը խորհրդանշում են Քրիստոսի անապատում անցկացրած քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը։ Այս տարի Սուրբ Զատիկը կնշվի ապրիլի 5-ին։
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մեծ պահքի կապակցությամբ հորդորել է հավատացյալներին աղոթել և ապաշխարել։
«Սիրելիներ, մեր օրերում, երբ ազգային ու հայրենական կյանքի խնդիրների, մեր Սուրբ եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով, որի միջոցով հաշտվեցինք Աստծո հետ»,– ասել է նա։
Կաթողիկոսը նշել է, որ պահեցողության այս ժամանակը պետք է լինի համընդհանուր զղջման և ապաշխարության առիթ։
Որպեսզի մեր սխալներն ու թերությունները գիտակցելով և շտկելով կարողանանք միասնաբար հաղթահարել բոլոր նեղություններն ու դժվարությունները։ Թող Բարձրյալն Աստված խաղաղություն հաստատի աշխարհում, մեր հայրենիքում ու մեր սրտերում, և բարօրության ու շինության մեջ պահի ու պահպանի մեր ազգը, մեր պետությունն ու մեր Սուրբ եկեղեցին,– եզրափակել է Գարեգին Երկրորդը։
Նշենք, որ ՀՀ դատախազությունը կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, և նրա ելքը Հայաստանից արգելվել է։

