Ոսկյա զարդեր, դիզվառելիք. ՊԵԿ-ի այս շաբաթվա բացահայտումները

Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման հերթական դեպքերը՝ ներկայացնելով շաբաթվա ընթացքում սահմանային անցակետերում արձանագրված բացահայտումները։

«Դուբայ-Երևան» չվերթով ժամանած քաղաքացու ուղեբեռի զննման արդյունքում հայտնաբերվել է չհայտարարագրված Rolex ժամացույց և բրենդային ոսկյա զարդեր։

«Շարժա-Երևան» և «Քուվեյթ-Երևան» չվերթներով ժամանած քաղաքացիների մոտից հայտնաբերվել են համապատասխանաբար 16.000 և 26.900 ԱՄՆ դոլարի անվանական արժեքով թղթադրամներ, որոնք սահմանված կարգով չէին հայտարարագրվել։

«Բավրա» սահմանային անցակետում տրանսպորտային միջոցի զննման ընթացքում հայտնաբերվել է առանց հայտարարագրման 200 տուփ ZUMERRET տեսակի ծխախոտ։

«Ագարակ» մաքսային անցակետում բեռնատարների և միջազգային ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսների ստուգման արդյունքում բացահայտվել է մաքսային հսկողությունից թաքցված 20.900 լիտր դիզվառելիք և 860 լիտր բենզին։

Իսկ «Բագրատաշեն» անցակետում ժամանած տրանսպորտային միջոցի զննմամբ հայտնաբերվել է բջջային հեռախոսների համար նախատեսված 247 կգ չհայտարարագրված աքսեսուարներ։

Մարինա Գրիգորյան