Ռուսաստանում Telegram-ը կարող է ենթարկվել ամբողջական սահմանափակումների
Ռոսկոմնադզորը չի մեկնաբանել «Telegram» մեսենջերի ամբողջական արգելափակման մասին տարածված լուրերը։ Գերատեսչության մամուլի ծառայությունից գործակալությանը հայտնել են, որ նախկինում հրապարակված տեղեկատվությանը ավելացնելու ոչինչ չունեն։
Ավելի վաղ «Baza» տելեգրամյան ալիքը գրել էր, թե հավելվածը Ռուսաստանում կարող է ամբողջությամբ արգելափակվել ապրիլի 1-ից։ Ալիքի պնդմամբ՝ այդ օրվանից կարող է սկսվել մեսենջերի լիարժեք արգելափակումը՝ ինչպես արվել էր նախկինում Instagram և Facebook հարթակների դեպքում։ Ըստ նույն աղբյուրի՝ սահմանափակումները կգործեն թե՛ բջջային, թե՛ ֆիքսված ինտերնետ ցանցերում։
Միաժամանակ, ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Սերգեյ Բոյարսկին հայտարարել է, որ Telegram-ի ադմինիստրացիան կապի մեջ է Ռոսկոմնադզորի հետ և փորձում է կարգավորել բովանդակության սահմանափակումների հարցը։ «Ֆոնտանկա» պորտալի հետ զրույցում նա նշել է, որ հեռացման պահանջ ստացած նյութերի մի մասը հեռացվում է, մի մասը՝ ոչ։
Բոյարսկին ընդգծել է, որ Telegram-ը, ի տարբերություն WhatsApp-ի, արձագանքում է գերատեսչության դիմումներին։ Նրա խոսքով՝ անհասկանալի է, թե ինչն է խանգարում հարթակին կատարել «մի քանի քայլ»՝ Ռոսկոմնադզորի արձանագրած խնդիրները ամբողջությամբ վերացնելու համար։
Ռոսկոմնադզորը նախկինում հայտարարել էր, որ շարունակելու է հետևողական սահմանափակումներ կիրառել Telegram-ի նկատմամբ՝ ՌԴ օրենսդրության պահանջների կատարումն ապահովելու նպատակով։
Հարկ է նշել, որ WhatsApp-ը պատկանում է Meta ընկերությանը, որը Ռուսաստանում ճանաչվել և արգելվել է որպես ծայրահեղական կազմակերպություն։

