Վանիկ Օհանյանը առաջադրվել է ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում․ ո՞վ է նա
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է պատգամավոր Վանիկ Օհանյանին: Այս մասին հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Վանիկ Օհանյանը 44 տարեկան է։ Ծնվել է Վանաձորում և ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը։
Նախկինում Օհանյանը աշխատել է Վանաձորում համայնքային և բժշկական կառույցներում՝ ղեկավարել պոլիկլինիկաներ, դասավանդել համալսարանում, ինչպես նաև հիմնել սեփական ստոմատոլոգիական կլինիկա:
Մասնավորապես՝ 2021 թվականին եղել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Նույն թվականին եղել է նաև Վանաձոր խոշորացված համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ:
2025 թվականի սեպտեմբերի 3-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ցուցակով։ Նա նաև Առողջապահության հանձնաժողովի անդամ է։
Հարկ է նշել, որ Առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել շուրջ մեկ ամիս՝ Հռիփսիմե Հունանյանի հրաժարականից հետո։ Օհանյանի թեկնածությունը խորհրդարանում կներկայացվի քննարկման և հաստատման։

