Շարունակվում է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիշեցնում է, որ անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։

Ծրագրի նպատակն է աջակցել երկարաժամկետ ֆինանսական դժվարությունների առաջ կանգնած քաղաքացիներին և նպաստել նրանց վերաինտեգրմանը ֆորմալ աշխատաշուկա։

2026 թվականի հունվարի 30-ի դրությամբ ծրագրից ընդհանուր առմամբ օգտվել է 8276 անձ։ Նրանցից 1792 շահառուների վարկերն արդեն ամբողջությամբ մարվել են։

Հատկանշական է, որ շահառուների 26%-ը միջոցառմանը նախորդող ամիսներին չեն ունեցել ֆորմալ զբաղվածություն, ինչը ցույց է տալիս ծրագրի սոցիալական ուղղվածությունն ու ազդեցությունը։

1792 շահառուների վարկերի մարման նպատակով հատկացվել է նրանց կողմից վճարված եկամտային հարկերից ձևավորված շուրջ 390 միլիոն դրամ։ Միևնույն ժամանակ, մինչև 2025 թվականի դեկտեմբերը ներառյալ շահառուների աշխատավարձերից առաջացած եկամտային հարկից որպես վարկերի մարման աջակցություն ուղղվել է ընդհանուր առմամբ 1.3 միլիարդ դրամ։

Հիշեցվում է, որ ծրագրի շահառու կարող են դառնալ այն անձինք, որոնց բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 միլիոն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն երեք տարի։

Մարինա Գրիգորյան