Հովիկ Աբրահամյանի ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուստրը՝ Ռեբեկա Աբրահամյանը, նրա ամուսինը՝ Վլադիմիր Թամրազյանը, ինչպես նաև ընտանիքի մի քանի անդամներ հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։
Համապատասխան ծանուցումները հրապարակվել են «Ազդարար» էլեկտրոնային ծանուցման միասնական հարթակում։
Ծանուցումներում նշված է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածների հիմքով նրանք իրավունք ունեն ծանուցումն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ դատախազության համապատասխան վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում և հայտարարագիր։
Հովիկ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման և ենթադրյալ հանցավոր ծագում ունեցող գույքի՝ հողամասերի օրինականացման մեղադրանքներով։

