Արցախի Մարտունի քաղաքում հուշարձան է ավերվել
Ադրբեջանը ամբողջությամբ ավերել է Արցախի Մարտունի քաղաքում գտնվող հուշահամալիրը, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմի (1941–1945 թթ.) և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին։ Տեղեկությունը հայտնել է արցախցի հասարակական գործիչ Արտակ Մկրտչյանը։
Նրա փոխանցմամբ՝ հուշահամալիրը բացվել էր 2007 թվականի մայիսի 7-ին՝ որպես տարբեր սերունդների հերոսների հիշատակը միավորող խորհրդանիշ։ Մկրտչյանը կատարվածը բնութագրել է որպես մշակութային ցեղասպանություն և նպատակային քաղաքականություն՝ ուղղված Արցախում հայկական հետքի, պատմության ու հիշողության ջնջմանը։ Նա նաև նշել է, որ 2025 թվականին Ադրբեջանը ընտրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, մինչդեռ օկուպացված տարածքներում, իր գնահատմամբ, շարունակվում է մշակութային արժեքների ոչնչացումը։
Մկրտչյանի խոսքով՝ միջազգային հանրության լռությունը վերածվում է համակերպման։ Նա ընդգծել է, որ մշակութային ժառանգության ոչնչացումը հանցագործություն է, և պատմությունը հնարավոր չէ ջնջել։
Փետրվարի սկզբին ևս տեղեկություններ էին տարածվել, որ վնասվել է Արցախի Վաղուհաս գյուղի եկեղեցու խաչքարը և պոկվել են սրբապատկերներ։

