«Վեոլիա Ջուր»-ը պարզաբանում է ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխությունները

Այսօր մամուլում հրապարակված տեղեկություններին և հարցումներին ի պատասխան՝ Վեոլիա Ջուր ընկերությունը պաշտոնական պարզաբանում է ներկայացրել։

Ընկերության հաղորդմամբ՝ համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ հաստատված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների» 134-րդ կետի՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն պարտավոր է իր պաշտոնական կայքում հրապարակել բաժանորդների հաջորդ տարվա ջրամատակարարման հասցեական գրաֆիկը։

Ընկերության տվյալներով՝ տարվա ընթացքում հրապարակված ժամանակացույցը կարող է ենթարկվել փոփոխությունների՝ պայմանավորված մի շարք գործոններով։ Մասնավորապես՝ տարվա ընթացքում տասնյակ հազարավոր նոր սպառողների ավելացմամբ, եղանակային պայմանների փոփոխությամբ՝ հատկապես ամռան ամիսներին, ջրամատակարարման համակարգի տեխնիկական հնարավորություններով, ջրաղբյուրների ջրատվության շուրջ 24% նվազմամբ, ակտիվ կառուցապատումների հետևանքով նոր ջրասպառողների թվի կտրուկ աճով։

Նշվում է նաև, որ ժամանակացույցի վերանայումը նպատակ ունի կանխել գիշերային ժամերին ջրի կորուստները, ինչը հնարավորություն է տալիս ցերեկային ժամերին ապահովել ավելի կանոնավոր և կայուն ջրամատակարարում։

Կառավարության՝ ի դեմս Ջրային կոմիտեի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում նախատեսվում է իրականացնել շուրջ երեք անգամ ավելացված ծավալով ներդրումային կապիտալ ծրագրեր։ Դրանք ուղղված են ֆիզիկական կորուստների նվազեցմանը, ինչը, ընկերության գնահատմամբ, առաջիկա տարիներին կավելացնի Երևանի բաժանորդներին մատակարարվող ջրի ծավալները։

Մինչ ծրագրերի ամբողջական ավարտը, ընկերությունը պարտավոր է տարեկան առնվազն երկու անգամ հայտարարել ջրամատակարարման գրաֆիկների սեզոնային տատանումների մասին։

Հիշեցնենք, որ Երևանի մի շարք հասցեներում մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը կսահմանվի 17-ժամյա ջրամատակարարման ռեժիմ։ Այս ժամանակահատվածում ջուրը կմատակարարվի ամեն օր՝ ժամը 07:00-ից մինչև 00:00-ն։

Սահմանափակումները վերաբերելու են մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջանների մի շարք հասցեներին։

Մարինա Գրիգորյան