Ակադեմիական քաղաքի շինարարությունը կմեկնարկի 2027 թվականից

Կառավարությունը հաստատել է «Ակադեմիական քաղաքի» զարգացման հայեցակարգը, որը հստակեցնում է ծրագրի տեսլականը, նպատակները և իրականացման փուլերը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ նախորդ տարիների աշխատանքների հիման վրա հայեցակարգն ամբողջությամբ վերանայվել է՝ ընդգրկելով կրթական, արվեստի և տեխնոլոգիական կլաստերների կառուցվածքը, ենթակառուցվածքների կազմակերպումը, ռիսկերի կառավարումը և հաշվետվողականության համակարգը։

Հայեցակարգի շրջանակում նախատեսվում է տաղանդների զարգացման ծրագիր՝ յուրաքանչյուր ուսանողի ու քաղաքացիների կարողությունները բացահայտելու նպատակով։ Առաջին փուլում կկառուցվեն ուսանողական կացարաններ՝ մինչև 4250 ուսանողների համար, հանրային նշանակության մշակութային կենտրոն՝ ավելի քան 74 հազար քմ մակերեսով, ինչպես նաև տեխնոլոգիական կլաստեր՝ 628 հազար քմ տարածքով, որը ներառելու է կրթական, հետազոտական և ճարտարագիտական ենթակառուցվածքներ։

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները: Մասնավորապես՝ գերմանական GMP ճարտարապետական կազմակերպության կողմից մշակվել է «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագիծը, որը ներկայացվել է օրենսդրությանը համապատասխան համալիր փորձաքննության և հաստատման։ Գերմանական մեկ այլ խորհրդատվական կազմակերպություն մշակել է Ակադեմիական քաղաքի քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակը՝ ռիսկերի կառավարման ամբողջական շտեմարանի և գործողությունների ծրագրի ձևավորման նպատակով։

Մհեր Գրիգորյանը հետաքրքրվել է, թե արդյոք գազամատակարարման, ջրամատակարարման, էլեկտրամատակարարման ոլորտի գործընկերների հետ քննարկվո՞ւմ են այդ հարցերը, որ իրենց ներդրումային պլաններում դա հաշվի առնեն։ Ի պատասխան Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այդ թեմայով առանձին քննարկումներ են ունեցել այդ թվում ՏԿԵՆ–ի գործընկերների ակտիվ ներգրավմամբ: Ըստ նախարարի՝ ձևավորվել են համապատասխան աշխատանքային խմբեր և գլխավոր հատակագծի վերջնական փաթեթն արդեն իսկ ներառում է բոլոր այդ ենթակառուցվածքներով լուծումները, որոնք համաձայնեցված են գործընկերների հետ։

Նախարարը տեղեկացրեց, որ ծրագրի ներդրումային ու ֆինանսական կողմերը ուսումնասիրվում են, ընթանում է բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքների հետ կապված մրցույթների պատրաստությունը, և իրականացվում են տարածքի մաքրման աշխատանքներ։ Հայեցակարգը նախատեսում է նաև փուլային ռազմավարություն՝ հստակելով ծրագրի իրականացման ընթացքից ակնկալիքները և ապահովելով թափանցիկություն ու հանրային վստահություն։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 19-ին հաստատվել էր Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը։