Հայաստանին կթույլատրվի մինչև 20 հազար տոննա շաքարի հումք ներկրել առանց մաքսատուրքի

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը Հայաստանին, Ղազախստանին և Ղրղզստանին ազատել է արդյունաբերական վերամշակման համար նախատեսված շաքարի հումքի ներկրման մաքսատուրքից։ Այդ մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Սակագնային արտոնությունը Հայաստանի համար կգործի 2026 թվականի ընթացքում և նախատեսում է մինչև 20 հազար տոննա շաքարի հումքի ներկրում։ Ղազախստանի համար սահմանվել է մինչև 100 հազար տոննա, իսկ Ղրղզստանի համար՝ մինչև 20 հազար տոննա քվոտա։

ԵՏՀ առևտրի հարցերի նախարար Անդրեյ Սլեպնյովի խոսքով՝ որոշումն ընդունվել է Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի ներքին շուկաները մրցունակ գներով շաքարով և շաքար պարունակող մթերքով կայուն ապահովելու, պակասուրդը կանխելու, ինչպես նաև շաքար վերամշակող գործարաններում աշխատատեղերը պահպանելու նպատակով։

Նա նաև ընդգծել է, որ սակագնային արտոնությամբ ներկրված հում եղեգնշաքարի արդյունաբերական վերամշակման արդյունքում ստացված սպիտակ շաքարը ենթակա չէ արտահանման Եվրասիական տնտեսական միությունի անդամ այլ երկրներ։