Դատարանը տնային կալանք է նշանակել «Այվազովսկիյ» էջի օգտատեր Հայկ Եղյանին

«TikTok» սոցիալական ցանցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար «Այվազովսկիյ» էջի օգտատեր Հայկ Եղյանի նկատմամբ նշանակվել է տնային կալանք և բացակայելու արգելք։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ռոման Երիցյանը։

Հայկ Եղյանը մեղադրվում է խուլիգանության մեջ։ Փաստաբանի փոխանցմամբ՝ Եղյանը ունի կալանքի հետ անհամատեղելի մի շարք հիվանդություններ, ստանում է բժշկի կողմից նշանակված հատուկ, այդ թվում՝ ցավազրկող և հոգեմետ դեղեր, ազատված է զինվորական ծառայությունից թե՛ խաղաղ, թե՛ պատերազմական պայմաններում։ Նա բնակվում է գյուղում՝ կնոջ և առաջին կարգի հաշմանդամություն ունեցող տատիկի հետ և հանդիսանում է վերջինիս միակ խնամակալը։

Երիցյանի խոսքով՝ քննչական մարմինը Եղյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա «TikTok» հարթակում ծափահարել և մեկ անգամ «բրավո» է ասել վարչապետին կոպիտ վիրավորանք հասցրած անձին, ինչպես նաև վարչապետի հասցեին կոշտ քննադատական արտահայտություններ է արել՝ նրան մեղադրելով վեհափառին ու սրբազաններին պղծության մեջ մեղադրելու համար։

Փաստաբանը նշել է, որ պաշտպանական կողմը դատարանին ներկայացրել է հիմնավորումներ՝ խուլիգանության մեղադրանքով հիմնավոր կասկածի և խափանման միջոց կիրառելու հիմքերի բացակայության վերաբերյալ, ինչպես նաև կալանքի կիրառման անթույլատրելիության մասին։ Սակայն դատարանը որպես խափանման միջոց կիրառել է տնային կալանքը։

Երիցյանի խոսքով՝ Եղյանին վերագրվող արարքի համար օրենքով նախատեսված է նաև տուգանք կամ հանրային աշխատանքներ, մինչդեռ քննչական մարմինը միջնորդել է ընտրել կալանքը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով